Daily Archives: 21 Նոյեմբերի, 2022

Ներսես Շնորհալի. փաստեր

Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է. Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և իշխան Ապիրատ Պահլավունու որդին:

Շնորհալին սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:

Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու կողքին:

Այդպիսով, եղբայրները 1150 թվականին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:

Շնորհալու արձակի ամենագնահատված գործը  «Թուղթ ընդհանրականն» է, որը նորընտիր կաթողիկոսի առաջին կոչն էր՝ ուղղված հայ ժողովրդին:«Թուղթ ընդհանրականը» ժամանակի Հայ եկեղեցու, հոգևորականության, աշխարհիկ խավերի կենցաղի ու բարքերիարտացոլանքն է։

Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը:

Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով։

Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: